Արարատի մարզ

ՔարտեզՊատմամշակութային հուշարձաններ

Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Լուսառատ գյուղից 1.6կմ հյուսիս-արևմուտք գտնվող բլուրների վրա տեղադրված Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը՝ Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդ-ամրոցը եկեղեցիով ( որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով)՝ Ուրցաձոր գյուղից 6-6.8 կմ հյուսիս-արևելք, Հավուց Թառ վանական համալիրը՝ Գառնի գյուղից 2.8-3.4 կմ արևելք, XII դարի Սուրբ Կարապետ վանքը՝ Լանջառ գյուղից 5.7-6.3 կմ արևմուտք-հյուսիս-արևմուտք, Կաքավաբերդը (Գեղիի կամ Քեղիի բերդ)՝ Գառնի գյուղից 12.3-13 կմ արևելք-հարավ-արևելք, Աղջոց վանքը՝ Գառնի գյուղից 6.1-6.5 կմ արևելք-հարավ-արևելք։

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Մարզի ընդհանուր տարածությունը 2096.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:
Բնակչությունը 279.7 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.2%-ը:
Մարզի գյուղական բնակչությունը 93 համայնքներով, կազմում է 197.2 հազ.
մարդ, 70.5 %
Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով, կազմում է 82.5 հազ.
մարդ, 29.5%:
Բնակչության խտությունը՝ 147 մարդ 1 քառ. կմ-ի վրա:
Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:
Ընտրողների թիվը՝ 184.142 մարդ:

Մարզի տարածքում գործում են՝

80 արտադրական ձեռնարկություններ,
20 շինարարական կազմակերպություններ,
10 տրանսպորտային կազմակերպություններ,
112 հանրակրթական դպրոցներ,
3 պետական քոլեջներ,
75 մանկապարտեզներ,
23 նախակրթարաններ,
18 համայնքային ենթակայության երաժշտական,
արվեստի և գեղարվեստի դպրոցներ,
83 մշակույթի տներ,
4 բժշկական կենտրոններ,
1 ծննդատուն,
1 առողջության կենտրոն,
4 ՀՀՀ կենտրոններ,
49 բուժամբուլատորիաներ:

Տեսարժան վայրերը

Արտաշատ, Դվին, Խոր Վիրապ, Կաքավաբերդ, Հովհաննես-Կարապետ, Ստեփանոս, Վիշապաքարեր
Բնաշխարհը

Արարատ, Գեղամա լեռներ, Խոսրովի անտառ
Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Բնական պայմանները և հարստությունները
Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Հարթավայրային մասը 10-15կմ լայնության գոտով ձգվում է Հրազդան գետից մինչև ՀՀ պետական սահմանը: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:
Բնակչությունը

Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:
Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:

Քաղաքները

Մարզի ամենախոշոր քաղաքը մարզկենտրոն Արտաշատն է: Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը:
Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Վերջին 3-4 տասնամյակների ընթացքում կառուցվել և գործում են գինու, մրգի պահածոների, հախճապակու, խեցեգործական իրերի գործարանները:
Արարատի մյուս քաղաքներն են` Արարատը, Մասիսը և Վեդին: Արարատը առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության կենտրոն. այստեղ են գտնվում ցեմենտի գործարանը և ոսկու կորզման ֆաբրիկան: Մասիսին և Վեդուն բնորոշ են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Մասիսը նաև խոշոր երկաթուղային ապրանքային կայարան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան քաղաքին:
Մարզի Զանգակատուն (Սովետաշեն) գյուղում է ծնվել ականավոր բանաստեղծ Պարույր Սևակը, իսկ Արարատ գյուղում` Սպարապետ Վազգեն Սարգսյանը: