Սուրբ Հովհաննես Կարապետ վանք

1Սբ. Հովհաննես Կարապետ վանքը գտնվում է Արարատի մարզում, Լուսաշող գյուղից 6 կիլոմետր հարավ-արևմուտք: Վանքի շրջակա տարածքներում կան մի քանի սրբատեղիներ, գերեզմանոցներ և բազմաթիվ խաչքարեր. այս տարածքի ամենահին վավերագիրը մի խաչքարի վրա է, որտեղ ասվում է, որ խաչքարը կանգնեցվել է 1283թ.: Վանքի ամենահին կառույցը Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին է կառուցված 1301թ. Գոնցա իշխանուհու կողմից: Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք: Ճարտարապետները եղել են Կիրակոս Վարդապետը և Բուտ Վարպետը. հիմնական վիմագրերը փորագրել է Տիրացու Գրիչը, իսկ առկա բարձրաքանդակների հեղինակն է Սարգիս Վարդապետը: Քանդակները գտնվում են եկեղեցու արևմտյան ճակատին. մուտքի բարավորին ներկայացված է Աստվածածինը մանուկ Հիսուսը գրկին, երկու կողքերին կան հրեշտակներ, ավելի վեր Աստծու քանդակն է: Կիսավեր վիճակում պահպանվել են եկեղեցու հարավ-արևմտյան անկյանը կցված տապանատունը (14-րդ դարի սկիզբ) և դրան արևմուտքից կցված երկհարկ եկեղեցի-դամբարանը: Գավիթը, որը կից է եղել եկեղեցուն և տապանատանը, չի պահպանվել: Կիսավեր է նաև վանքի շրջապարիսպը: Կենցաղային և բնակելի շինությունները, որոնցից քիչ բան է մնացել, տեղավորված են եղել պարսպի ներսում: Գերեզմանոցը (14-20-րդ դարեր) տարածված է եկեղեցու արևելյան և հարավային մասերում: Վանքը բազմիցս վնասվել է, իսկ մեծ ավերածություններ է կրել 1679 և 1840 թթ տեղի ունեցած ահեղ երկրաշարժերից:

This slideshow requires JavaScript.