Պարույր Սևակի տուն-թանգարանը

Պարույր Սևակի տուն-թանագրանըն գտնվում է գրողի ծննդավայրում`Զանգակատուն գյուղում: Թանգարանը կառուցվել է նրա տան կողքին, որտեղ պահպանվել են պոետի անձնական իրերը, որոնք հուշում են նրա դառը կյանքի մասին: 1971թ-ին Պարույր Սևակի եղերական մահից հետո ՀՍՍՀ կառավարության որոշմամբ (1972թ.) բանաստեղծի հայրենի գյուղում կազմակերպվեց նրա տուն-թանգարանի հիմնադրումը: Թանգարանի նախագծումը հանձնարարվեց անվանի ճարտարապետ` բանաստեղծի մտերիմ ընկեր, Ջիմ Թորոսյանին: Բարձր մակարդակով կատարված նախագիծը իրենից ներկայացնում էր մի ամբողջական համալիր` բաղկացած նախասրահ-դահլիճից, ցուցասրահներից, մատուռ-զանգակատնից, ամֆիթատրոնից: Ցավոք, որոշակի պատճառներով, համալիրը ամբողջությամբ կյանքի չկոչվեց… կառուցվեց միայն նախասրահը, որն էլ առ այսօր ծառայում է որպես բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարեգրության հիմնական էջերը ներկայացնող ցուցասրահ: Չնայած այն հանգամանքին, որ թանգարանային համալիրը կառուցվեց ընդգծված ճարտարապետական բացթողումներով, այնուամենայնիվ այդ տարածքը ինքնին թանգարանային մի համալիր է, որն իր մեջ ներառում է նաև ցուցասրահը, քանի որ վերջինս կառուցված է այն տարածքի վրա, որտեղ կառուցված է բանաստեղծի առանձնատունը, իր իսկ ձեռքերով մշակված այգու կենտրոնում, որտեղ էլ հայրական ծիրանենու տակ, ըստ բանաստեղծի բանավոր կտակի, հուղարկավորված է ինքը, կնոջ` Նելլի Մենաղարիշվիլու հետ: Թանգարանը բացվել է Պարույր Սևակի եղերական մահվան տասնամյա տարելիցի օրը` 1981թ-ի հունիսի 17-ին: Ցուցասրահում մեծ բանաստեղծի մարդկային ու պոետական նկարագիրը առավել ընդգծուն ներկայացավ անվանի նկարիչ Ս.Մուրադյանի որմնանկարների շնորհիվ, որոնք վրձնի լեզվով ներկայացնում են Պ. Սևակին` որպես համահայկական կոչի հզոր ու անլռելի ժամհար, որի ստեղծագործական ողջ կյանքը հանուն այդ առաքելության պիտի անցներ տառապանքով և ավարտվեր ողբերգական ճակատագրով: Թանգարանի հարստությունը կազմող ցուցանմուշները տարեցտարի համալրվում են ամենաբազմազան նյութերով: Թանգարանը աստիճանաբար սկսում է զգալ ավելի լայն հոգածություն: Աստիճանաբար համաժողովրդական դարձող այս աջակցությունը այն երաշխիքն է, որով հնարավոր կլինի ժամանակի ընթացքում ունենալ Պարույր Սևակ մեծությանն արժանի մշակութային օջախ ու կենտրոն, թանգարանային ամբողջական համալիր:

 

This slideshow requires JavaScript.

Դվին քաղաքատեղի

Արարատի մարզ
գ. Հնաբերդ

OLYMPUS DIGITAL CAMERAՄիջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է IV դ. 30-ական թվականներին, Տրդատ III–ի որդի Խոսրով Բ Կոտակի օրոք: 330-331 թթ. Խոսրով Բ թագավորը հայոց արքունիքը Արտաշատից տեղափոխել է հյուսիս, Դվին կոչվող բլրի վրա` Արփա գետի հունի փոփոխման, Արտաշատ մայրաքաղաքի կլիմայական պայմանների վատթարացման պատճառով: 470 թ. Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի օրոք Վաղարշապատից Դվին է տեղափոխվել նաև կաթողիկոսարանը: VIII-IX դդ. Դվինը եղել է արաբ զավթիչների ստեղծած «Արմինիա» վարչական միավորման կենտրոն: Դվինը նոր վերելք է ապրել IX-XI դդ. Բագրատունիների թագավորության օրոք: XI դ. երկրորդ կեսին բռնազավթվել է սելջուկ թուրքերի կողմից: Ազատագրվել է XIII դ. Զաքարյանների իշխանության օրոք: Դվինը լրիվ ավերվել է 1225 թ. Ջալալ Էդ Դինի և 1236 թ. մոնղոլների արշավանքների հետևանքով: XV-XVI դդ. նրա տարածքում առաջացել են մի քանի գյուղական բնակավայրեր:

Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով, ինչպես նաև` մ.թ.ա. IX -VIII դդ. պաշտամունքային բնակավայր:
նկարներ :՝

Սուրբ Հովհաննես Կարապետ վանք

1Սբ. Հովհաննես Կարապետ վանքը գտնվում է Արարատի մարզում, Լուսաշող գյուղից 6 կիլոմետր հարավ-արևմուտք: Վանքի շրջակա տարածքներում կան մի քանի սրբատեղիներ, գերեզմանոցներ և բազմաթիվ խաչքարեր. այս տարածքի ամենահին վավերագիրը մի խաչքարի վրա է, որտեղ ասվում է, որ խաչքարը կանգնեցվել է 1283թ.: Վանքի ամենահին կառույցը Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին է կառուցված 1301թ. Գոնցա իշխանուհու կողմից: Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք: Ճարտարապետները եղել են Կիրակոս Վարդապետը և Բուտ Վարպետը. հիմնական վիմագրերը փորագրել է Տիրացու Գրիչը, իսկ առկա բարձրաքանդակների հեղինակն է Սարգիս Վարդապետը: Քանդակները գտնվում են եկեղեցու արևմտյան ճակատին. մուտքի բարավորին ներկայացված է Աստվածածինը մանուկ Հիսուսը գրկին, երկու կողքերին կան հրեշտակներ, ավելի վեր Աստծու քանդակն է: Կիսավեր վիճակում պահպանվել են եկեղեցու հարավ-արևմտյան անկյանը կցված տապանատունը (14-րդ դարի սկիզբ) և դրան արևմուտքից կցված երկհարկ եկեղեցի-դամբարանը: Գավիթը, որը կից է եղել եկեղեցուն և տապանատանը, չի պահպանվել: Կիսավեր է նաև վանքի շրջապարիսպը: Կենցաղային և բնակելի շինությունները, որոնցից քիչ բան է մնացել, տեղավորված են եղել պարսպի ներսում: Գերեզմանոցը (14-20-րդ դարեր) տարածված է եկեղեցու արևելյան և հարավային մասերում: Վանքը բազմիցս վնասվել է, իսկ մեծ ավերածություններ է կրել 1679 և 1840 թթ տեղի ունեցած ահեղ երկրաշարժերից:

This slideshow requires JavaScript.

Կաքավաբերդ

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։
Կաքավաբերդը (9-13-րդ դդ.) գտնվում է Խոսրովի արգելոցում: Այն հայտնի է նաև Գեղի բերդ անունով: Գեղի (Քեղի) միջնադարյան բերդ-դղյակը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում` Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դդ.)` որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարում անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում նրան տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Այդ մասին հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որը երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բացի աշտարակներից և պարիսպներից` բերդում պահպանվել է նաև միջնադարյան եկեղեցի, որի շրջակայքում եղել է կենդանիների (ցլերի) և թռչունների պատկերներով հինգ մեծ վիշապների հուշարձան: Պահպանվել են նաև այլ շենքերի ավերակներ։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում:

This slideshow requires JavaScript.

Խոր Վիրապ

Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։
Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին
նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է
մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի
աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։
10:59
դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։
16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ. Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։
1669
թ.-ին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ
դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։
Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ
գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։
1703 թ.-ին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։
1970-1980-ական թթ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

 

This slideshow requires JavaScript.

Խոսրովի անտառ (արգելոց)

Խոսրովի անտառԽոսրովի անտառը 1958թ-ից հանդիսանում է պետական արգելոց: Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով:
Արգելոցը տարածված է Գեղամա լեռնավահանի հարավարևմտյան, Ուրծի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ու Երանոս լեռնաշղթայի հյուսիսարևելյան դիրքադրության լեռնալանջերին: Այն տեղակայված է ՀՀ Արարատի մարզի տարածքում, զբաղեցնում է 29196հա տարածք և կազմված է Գառնու, Կաքավաբերդի, Խոսրովի, Խաչաձորի և Ուրծի եգերական տեղամասերից:
Արգելոցի տարածքը մեկուսացած է հիմնական ենթակառուցվածքներից և միայն հարավ-արևմուտքից սահմանակից է բավական խիտ բնակեցված Արարատյան հարթավայրին: Տարածքին բնորոշ են կենտրոնական Հայաստանի կիսաանապատային, ֆրիգանային, նոսրանտառային ու լեռնատափաստանային լանդշաֆտները՝ բուսական (1849 տեսակներ) և կենդանական (283 տեսակներ) եզակի համակեցությունները:

Խոսրովի անտառ

 

Կենդանական աշխարհ

Անողնաշարավորներ.

Համաձայն Խոսրովի արգելոցի անողնաշարավոր կենդանիների ֆաունայի վերաբերյալ գրականության, կոլեկցիոն և ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերի` Խոսրովի արգելոցի անողնաշար կենդանիների ֆաունան ներկայացված է ավելի քան 1500 տեսակներով, որոնցից են 62 տեսակի փափկամարմիններ, երեք տեսակի կարիճներ և 1427 տեսակի միջատներ: Հանրապետությունում ուսումնասիրված միջատների խմբերից արգելոցում հայտնաբերված տեսակները պատկանում են 11 կարգերի` ճպուռներ, աղոթարարներ, ուրվականներ կամ փայտաձևեր, ուղղաթևեր, ականջամտուկներ, միակերպաթևեր, կարծրաթևեր, փափկաթևեր, երկթևեր, թաղանթաթևեր:

Կաթնասուններ․

Խոսրովի անտառԴալի (1954) տվյալներով, “Խոսրովի անտառ” պետական արգելոցում ապրում են 41 տեսակի կաթնասուններ: Խոսրովի ֆաունայի կազմի մեջ մտնում են միջատակերների 3 տեսակ, ձեռքաթևավորների 7 տեսակ, նապաստակների 1 տեսակ, կրծողների 15 տեսակ, գիշատիչների 12 տեսակ և կճղակավորների 3 տեսակ: Գաբրիելյանի և այլոց կողմից (1990) նույնպես նշվում է շուրջ 40 տեսակ կաթնասուններ, որը կազմում է հանրապետության կաթնասունների (83 տեսակ) մոտ 50% -ը:
Գաբրիելյանը և ուրիշները (1990) նշում են միջատակերների 6 տեսակ, ձեռքաթևավորների 7 տեսակ, նապաստակների 1 տեսակ, կրծողների 14 տեսակ, գիշատիչների 10 տեսակ և կճղակավորների 3 տեսակ:
Զառիվայր թեք լանջերը, բարձրախոտերով աճած խոնավ բացատները ապաստարան են հանդիսանում այնպիսի խոշոր կաթնասունի համար, ինչպիսին գորշ արջն է, որը գրանցված է նախկին ՍՍՀՄ Կարմիր գրքում: Հազվադեպ չեն նաև վայրի խոզը, գայլը, աղվեսը, գորշուկը, եվրոպական նապաստակը: Անտառներում և բաց չորային լանջերին սովորական են կովկասյան երկարապոչ սրնչակը, աքիսը, քարակզաքիսը: Բավական հաճախ է հանդիպում սովորական ոզնին: Կաքավաբերդի և Գառնու տեղամասերում հանդիպում է հնդկական մացառախոզը:
Խոսրովի անտառԱնտառի վերին սահմանում հազվադեպ հանդիպում է լուսանը:
Հովազը բնակվում է խորը կիրճերով սարերի վրա, թփուտային բուսականությամբ ծակված մացառուտներում, ժայռային կուտակումներում, լեռնա-տափաստանային սարահարթերի զառիվայրերի վրա: Հովազի միգրացիոն ուղիները հիմնականում գտնվում են բարձր լեռնային գոտում և անցնում ջրբաժաններով:

 

Թռչուններ․

Խոսրովի անտառՖիզիկա-աշխարհագրական պայմանների առանձնա-հատկությունները` հարուստ ֆլորիստիկ խմբավորումներով և բիոտոպների մեծ բազմազանությամբ, ապահովում են բազմատեսակ թռչունների գոյությունը Խոսրովի արգելոցի տարածքում: Ըստ վերջին տվյալների արգելոցի օռնիտոֆաունայում հաշվվում է 192 տեսակ, որոնք պատկանում են 44 ընտանիքների, որն էլ կազմում է Հայաստանում հայտնի թռչնատեսակների ընդհանուր քանակի 56 տոկոսը: Դրանցից 63 տեսակը ապրում են այստեղ մշտապես, 83-ը հանդիսանում են բնադրող-չվող, 83-ը հանդիպում են գարնանային և աշնանային չուերի ժամանակ, 11-ը ձմեռող են, 10-ը թափառող և հանդիպում են արգելոցի տարածքում բնադրման ժամանակահատվածում, բայց վերջինններս չեն բնադրում այստեղ, և 5-ը պատահաբար մուտք գործած տեսակներն են:
Հավազգիները արգելոցում ներկայացված են 4 տեսակներով: Ժայռային ելքերով և քարքարոտ զառիվայրերով ենթալպյան մարգագետիններում ոչ մեծ քանակով բնակվում է կասպիական ձնահավ: Անտառային տափաստաններում, թփուտներում և մացառուտներում լայն տարածում ունի մոխրագույն կաքավը: Քարակաքավները հաճախ են հանդիպում կիսաանապատների, լեռնային տափաստանների և մարգագետինների ժայռոտ բիոտոպներում: Բարձրախոտ մարգագետիններում բույն է դնում լորը:
Այստեղ առավել հարուստ են ներկայացված ցերեկային գիշատիչ թռչունները: Անմատչելի ժայռերում բույն են դնում մորուքավոր անգղը, գիշանգղը, սպիտակագլուխ անգղը, տափաստանային ճուռակը, քարարծիվը, սովորական հողմավար բազեն, սապսանը և Հայաստանի ամենահազվագյուտ թռչունը` միջերկրածովյան բազեն: Գառնանգղը բնադրում է բարձր լեռներում զառիվայրերի և թեք ժայռերի վրա:
Արգելոցի գիհու նոսր անտառային գոտում հանդիպում է սև անգղը, իսկ զառիվայր թեք ժայռերի վրա սպիտակագլուխ անգղը:

Սողուններ․

Խոսրովի անտառՍողունների ֆաունան արգելոցում բավական հարուստ է և աչքի է ընկնում տարբեր լանդշաֆտային գոտիներին բնորոշ տեսակային բազմազանության կազմով: Արգելոցի տարածքում հայտնի են 33 տեսակի սողուններ: Նախալեռնային և լեռնային գոտու քսերոֆիլ քարքարոտ բիոտոպներում բավական հաճախ հանդիպող տեսակներից են կովկասյան ագաման, Դարևսկու ցեղի մի քանի տեսակի մողեսներ /ադրբեջանական մողեսը, Նաիրյան մողեսը, կիսաանապատային գոտում` բարեկազմ օձագլուխը, բծավոր մողեսը, լեռնատափաստանային գոտում` միջին մողեսը, չոր տափաստաններում, թփուտային մացառուտներում, նոսրանտառներում` դեղնափորիկը, օձերից` որդանման կույր օձը, վզնոցավոր էիրենիսը, Հայկական էիրենիսը, կարմրափոր սահնօձը: Ջրաճահճային և գետերի ափամերձ տեղամասերում հազվադեպ չեն սովորական լորտուն և ջրային լորտուն: Սողուններից արգելոցի օշինդրային կիսաանապատների քարքարոտ կամ կավային տեղամասերում և գիհու նոսրանտառների մացառուտներում հանդիպում են նաև անդրկովկասյան մողեսիկը, Շտրաուխի մողեսիկը, արևմտյան վիշապիկը, գազերով և այլ քսերոֆիտներով ծածկված քարքարոտ լանջերին` շերտավոր մերկաչքը, լայնատերև, խառը անտառներում, անտառեզրին, բացատներում հանդիպում է ջարդվող իլիկամողեսը-, լեռնատափաստանային գոտում քարքարոտ զառիվայրերի վրա հանդիպում են բազմագույն և կապարագույն սահնօձերը, քառաշերտ սահնօձը, լեռնա-տափաստանային իժը, գյուրզան և այլն:
Կաքավաբերդի տեղամասում հայկական իժը տարվա ընթացքում բարձրանում է 1500 մ մինչև սուբալպիական գոտու քարքարոտ տեղամասերը /մինչև 2200մ ծ.մ./: Օձերը կյանքի ընթացքում կատարում են սեզոնային տեղաշարժեր մի լանդշաֆտային գոտուց մյուսը:

 

Բուսական աշխարհ

Խոսրովի անտառԱրգելոցի ֆլորան հարուստ է հազվագյուտ և անհետացող բուսատեսակներով: Այստեղ ներկայացված են ավելի քան 80 տեսակներ, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր Գրքում: Արգելոցի տարածքում աճում են 1849 տեսակի անոթավոր բույսեր, որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով: Ֆլորան ներկայացված է 24 էնդեմիկ տեսակներով:
Հողակլիմայական պայմանների խայտաբղետության և բազմազանության շնորհիվ, տեղանքի ռելիեֆից և այլ պայմաններից կախված արգելոցի բուսական ծածույթը շատ բազմազան է: Խոսրովի պետական արգելոցը տեղաբաշխված է Երևանի ֆլորիստիկական շրջանում: Արգելոցի բուսականությունը չափազանց բազմազան է՝ այստեղ ներկայացված են կաղնուտներ, գիհու նոսրանտառներ, լեռնային տափաստաններ, կիսաանապատային բուսականության կղզյակներ, լեռնային քսերոֆիտ բուսականություն, պետրոֆիլ և հիդրոֆիտ համակեցություններ և այլն: Բուսականության այսպիսի հարստությունը պայմանավորում է արգելոցի ֆլորայի բազմազանությունը:
Արգելոցի տարածքում նախալեռնային և ցածրադիր լեռնային գոտիները զբաղեցնում են կիսաանապատային և ֆրիգանային բուսական համակեցությունները: Այստեղ կավա-խճաքարային հողերի վրա տարածված են կիսաանապատային համակեցությունները օշինդր բուրավետի հետ, ինչպես նաև տարբեր հալո-գիպսոֆիտային համակեցությունները, որտեղ գերակշռում են օշանի տարբեր տեսակներ, որոնց հետ միասին աճում են աղածաղիկ նոսրատերևը, բորբոսատեսուկը, անմեռուկը, նոեաոն, տերեփուկ երևանյանը և այլն:

Խոսրովի անտառԷֆեմերա-գալանտիային կիսաանապատների ոչ մեծ տեղամասեր ներկայացված են գիպսաբեր կավերի վրա, որտեղ լիովին գերակշռում է աղածաղիկ նոսրատերևը, իսկ գարնանը բազմաքանակ են էֆեմերները` դաշտավլուկ սոխուկային, եղջրագլխիկ մանգաղանման, ռեմերիա հիբրիդային, գարնանախոտ գարնանային և այլն: Ավելի քարքարոտ կավային լանջերին շատ սովորական են շարդինիա արևելյանը, վարդատերեփուկ մշկաբույրը, անմեռուկը: Այդ գոտում առավել մեծ տեղամասեր են գրավում օշինդրային կիսաանապատները, որտեղ գերակշռում է օշինդր բուրավետը: Գարնանը այստեղ հանդիպում են մի շարք էֆեմերայիններ` ձնծաղիկ եռասյունը, վարդկակաչ երկծաղիկը, աստղաշուշանները, սագասոխուկները, հիրիկ նրբագեղը, իքսիոլիրիոն լեռնայինը և այլն:
Բավական մեծ տարածքների վրա ներկայացված է կիսաանապատային բուսականությունը, որտեղ օշինդրին ուղեկցում են կապարը, ոզնաթփերի տեսակները, գազերը, Կոչի ուրցը :
Շատ քարքարոտ, հաճախ մանր փլվածքներով ոչ բարձր բլուրների /կմախքացած հողեր/ վրա ձևավորվել են ֆրիգանային խմբավորումներ, որտեղ թփերից ներկայացված են Պալլասի դժնկը, Ֆենցելի նշենին, հազվադեպ տանձ ուռատերևը: Քարացրոնների և փլվածքների վրա, ժայռերի բեկորների միջև սովորական են բալենի ճերմակահերը և մագալեբյանը, տափաստանամորին, փռշնի մերկը, կծոխուրը, ասպիրակը, պիստակենին, հազվադեպ Տուրնեֆորի փռշնին. ՈՒրցի լեռնաշղթայի հարավային մակրոլանջի վրա ներկայացված են չափազանց հետաքրքիր ֆրիգանային համակեցություններ` չծակծկող բարձիկանման թուփի` ցմախի գերակշռմամբ: Ընդհանրապես բուսականության այս տիպի համար շատ բնորոշ է թփերի և բարձիկանման ձևի թփուտների գերակշռումը, որոնցից են գազերը, ոզնաթփերը, կորնգան եղջրավորը, քաֆուրխոտը և այլ տեսակները:
Խոսրովի արգելոցի ոչ մեծ տարածքների վրա ներկայացված են տոմիլյար տիպի բուսական խմբավորումներ: Այստեղ գերակշռում են շրթնազգիների տարբեր տեսակներ` եղեսպակ վիշապագլուխը և խռնդատատերևը, Կոչի ուրցը, աբեղախոտ փքվածը, լերդախոտերը և այլն:
Միջին լեռնային գոտում (1400-2200մ ծովի մակ.) ներկայացված են լեռնային տափաստանները, արիդ նոսրանտառները և կաղնու անտառները: Ոչ մեծ տարածքներ են զբաղեցնում գիհու նոսրանտառները, որտեղ լիովին գերակշռում է գիհի բազմապտուղը : Հազվադեպ հանդիպում են նաև գիհի երկարատերևը և ցածրաաճը. Սովորաբար գիհուն ուղեկցում են թխկի վրացականը, փռշնի մերկը, Ֆենցելի նշենին, Պալլասի դժնիկը, ցախակեռաս վրացականը, բռնչին /գերիմաստի/ և այլն: Առանձին հատվածների վրա առատորեն ներկայացված են տանձենու և արոսենու տեսակները: Ոչ մեծ տարածքներ զբաղեցված են նշենիների և պիստակենիների նոսր անտառներով:
1600-2300 մ բարձրության ոչ մեծ տարածությունների վրա հանդիպում են են խոշորառեջ կաղնու անտառները: Այստեղ ներկայացված են կաղնուտի մի քանի տիպեր` տարախոտային, շյուղախոտային, հացազգա-տարախոտային:

Խոսրովի անտառԱրգելոցում զգալի տարածքներ են զբաղեցնում լեռնային տափաստանները, որոնք ներկայացված են տարբեր ֆորմացիաներով: Փետրախոտային տափաստանները տարածված են 1400-2100 մ բարձրությունների վրա, որտեղ որպես դոմինանտներ հանդես են գալիս փետրախոտեր նեղատերևը, մազմզոտը, գեղեցիկը և պոնտի:
Սովորաբար փետրախոտերին ուղեկցում են հացազգիների այլ տեսակներ` շյուղախոտը , սիզախոտը, տափաստանային կերասեզերը: Երբեմն հանդիպում են հացազգի-տարախոտային տափաստանային խմբավորումներ, որտեղ գերակշռում են կելերիա սանրավորը, սիզախոտը, տափաստանային կերասեզը, իսկ տարախոտայիններից՝ մակարդախոտ գարնանայինը, Կոչի ուրցը և այլն:
Բավական սովորական են տափաստանային խմբավորումները, որտեղ լիովին գերակշռում են շյուղախոտերը` փեստուկը և շյուղախոտ ոչխարի տեսակները, որոնք կոչվում են շյուղախոտային տափաստաններ:
Համեմատաբար ոչ մեծ հատվածներում ներկայացված են տարախոտային տափաստանները, որտեղ հացազգիների դերը աննշան է, իսկ այստեղ գերակշռում են տարախոտերի ներկայացուցիչները-կատվադաղձը, երեքնուկը , առվույտ, գազերը և այլն:
Խոսրովի արգելոցում բավական սովորական են տրագականտային տափաստանները, որտեղ գերակշռում են տրագականտային գազերը կորնգան եղջրավորը, պրանգոս նարդեսանմանը , ոզնաթփերը և հացազգիները` հացազգային տափաստանների տիպիկ ներկայացուցիչներ փետրախոտերի, շյուղախոտի, կելերիաի մասնակցությամբ:
2200-2600 /2800/ մ բարձրության վրա ներկայացված են մարգագետնային տափաստանները, որտեղ տափաստանային սովորական էդիֆիկատորներին միանում են մարգագետնային էլեմենտները- սիզախոտ մարգագետնայինը, տիվարսակը, գարի սոխուկայինը և այլն:
Արգելոցի տարածքում, գետերի երկայնքներով նեղ շերտով տեղաբաշխված է տուգայանման (անապատային գետահովտային) բուսականությունը, որտեղ աճում են հացենի սրապտուղը , բարդու տեսակներ, կաղամախին, ուռենիներ, փշատենի նեղատերևը, կարմրան, ինչպես նաև կծոխուրի (ծորենի), ալոճենու, մասրենու տեսակները:
Խոսրովի անտառԱրգելոցի տարածքի շատ փոքր տեղամասերում՝ գետերի ափերի երկայնքով և ոչ մեծ լճում՝ ներկայացված է ինտրազոնալ ջրա-ճահճային բուսականությունը, որտեղ եղեգի մացառուտներում աճում է ջրասոճին, շերեփուկախոտերի տեսակները և այլն: Տրավերտինների վրա հանդիպում է շատ հազվագյուտ տեսակ` Օշեի կղմուխը և վեներայի մազ պտերը:

 

Պատմական Արտաշատ: "Արտաշեսի ուրախությունը"

Արտաշատ (Արտաշեսի ուրախություն)
Արտաշատը (Արտաքսատա) կառուցվել է Արտաշեսյան դինաստիայի հիմնադիր Արտաշես Ա-ի կողմից` Ք. ա. 189-188 թթ., Արարատյան դաշտում, գեղատեսիլ Արարատի դիմաց, Արաքս ու Մեծամոր գետերի հին հուների միախառնման վայրում, Խոր վիրապի 12 մեծ ու փոքր բլուրների վրա։ Պեղումները վկայում են, որ այստեղ եղել է վաղ երկրագործական շրջանի մեծ բնակավայր և ուրարտական քաղաք։ Արտաշատը կառուցվել է մինչ օրս գիտությանն անհայտ այդ քաղաքի տեղում։ Ըստ Պլուտարքոսի և Ստրաբոնի` Արտաշատի տեղն ընտրել և նախագծել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը, ով Մագնեսիայի ճակատամարտում (Ք. ա. 190 թ.) Անտիոքոս Մեծի պարտությունից հետո ապաստանել էր Արտաշես Ա-ի արքունիքում և վերջինիս խորհրդականն էր։

Արտաշատի հնավայր

Արտաշատի հնավայր

«… Պատմում են, թե կարթագենացի Հաննիբալն այն բանից հետո, երբ Անտիոքոսը հռոմեացիների հետ մղվող պատերազմը վերջնականապես տանուլ տվեց, գնաց Արտաշես Արմենի արքունիքը, որին բազում պիտանի խորհուրդներ ու հրահանգներ տվեց։ Բացի այդ, նկատելով չօգտագործված ու լքված, սակայն բացառիկ հարմարագույն և ակնահաճո մի վայր, նա այդ տեղում ուրվագծելով քաղաքի հատակագիծը` կանչեց Արտաշեսին և ցույց տալով նրան այդ վայրը` համոզեց քաղաք կառուցել այստեղ։ Թագավորն ուրախությամբ համաձայնվեց և խնդրեց Հաննիբալին, որ նա անձամբ իր վրա վերցնի շինարարական աշխատանքների վերակացությունը։ Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»։ (Պլուտարքոս, Լուկուլլոս, XXXI)։
Մովսես Խորենացին քաղաքի կառուցումը բացառապես վերագրում է Արտաշեսին։
«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Արաքսը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ։ Արաքսն էլ օգնում է նրան անտառի փայտով։ Ուստի, առանց դժվարության և արագ շինելով` այնտեղ մեհյան է կանգնեցնում և Բագարանից այնտեղ է փոխադրում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը։ Բայց Ապոլլոնի արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս ճանապարհի մոտ» (իբրև առևտրի աստված Հերմես)։
Այն ժամանակ, երբ Արտավազդ Բ Հայոց թագավորը ժառանգեց գահն իր հորից` Տիգրան Մեծից /Ք. ա. 53 թ./, հելլենիստական մշակույթը, հատկապես թատրոնը, հասել էր նոր վերելքի։ Արտավազդին համարում էին արվեստների գիտակ` ով հունական ողբերգություններ էր գրում։ Հայաստանի պատմության ամենանշանավոր անցքերից մեկը տեղի է ունեցել նրա տիրակալության օրոք։ Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգության ներկայացմանը, երբ բեմադրությունը հասել էր իր բարձրակետին, հայտարարվում է հայկական բանակի կողմից հռոմեական լեգեոնների կրած պարտության մասին և բեմ է բերվում պարտություն կրած Կրասոս զորավարի աջ ձեռքը։
Մոտ 600 տարի Արտաշատը եղել է Մեծ Հայքի գլխավոր մայրաքաղաքը` «Ոստան հայոցը», Արտաշեսյանների և Արշակունիների նստավայրը։
58 թ. Արտաշատը գրավեց, իսկ 59 թ. ավերեց ու հրդեհեց հռոմեացի զորավար Գնեոս Դոմետիոս Կորբուլոնը։ 63 թ. Հռանդեայում հայ-պարթևական զորքերից հռոմեացիների կրած ծանր պարտությունից հետո, Ներոն կայսերը համաձայնվեց, որ հայկական գահը զբաղեցնի պարթևների արքայի եղբայր Տրդատը` պայմանով, որ նա թագը ստանալու էր Հռոմից։ Արշակունյաց դինաստիայի հիմնադիր Տրդատ Ա-ն (63-88 թթ.) 66 թ. Հռոմից վերադառնալուց հետո վերականգնեց Արտաշատը։ Տրայանոս կայսրը 114 թ. ներխուժեց Հայաստան և գրավեց Արտաշատը։ Քաղաքն ավերվել է նաև 163 թ.` երբ Հռոմի դեմ ապստամբած Հայաստանը նվաճվեց Ստատիոս Պրիսկոսի կողմից։
Արտաշատը շարունակեց մնալ երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը` մինչև Շապուհ 2-րդի կողմից քաղաքի ավերումը և բնակչության գերեվարումը (364-369թթ.)։
Տեքստը խմբագրված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի վարիչ Ժորես Խաչատրյանի կողմից։