Պարույր Սևակի տուն-թանգարանը

Պարույր Սևակի տուն-թանագրանըն գտնվում է գրողի ծննդավայրում`Զանգակատուն գյուղում: Թանգարանը կառուցվել է նրա տան կողքին, որտեղ պահպանվել են պոետի անձնական իրերը, որոնք հուշում են նրա դառը կյանքի մասին: 1971թ-ին Պարույր Սևակի եղերական մահից հետո ՀՍՍՀ կառավարության որոշմամբ (1972թ.) բանաստեղծի հայրենի գյուղում կազմակերպվեց նրա տուն-թանգարանի հիմնադրումը: Թանգարանի նախագծումը հանձնարարվեց անվանի ճարտարապետ` բանաստեղծի մտերիմ ընկեր, Ջիմ Թորոսյանին: Բարձր մակարդակով կատարված նախագիծը իրենից ներկայացնում էր մի ամբողջական համալիր` բաղկացած նախասրահ-դահլիճից, ցուցասրահներից, մատուռ-զանգակատնից, ամֆիթատրոնից: Ցավոք, որոշակի պատճառներով, համալիրը ամբողջությամբ կյանքի չկոչվեց… կառուցվեց միայն նախասրահը, որն էլ առ այսօր ծառայում է որպես բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարեգրության հիմնական էջերը ներկայացնող ցուցասրահ: Չնայած այն հանգամանքին, որ թանգարանային համալիրը կառուցվեց ընդգծված ճարտարապետական բացթողումներով, այնուամենայնիվ այդ տարածքը ինքնին թանգարանային մի համալիր է, որն իր մեջ ներառում է նաև ցուցասրահը, քանի որ վերջինս կառուցված է այն տարածքի վրա, որտեղ կառուցված է բանաստեղծի առանձնատունը, իր իսկ ձեռքերով մշակված այգու կենտրոնում, որտեղ էլ հայրական ծիրանենու տակ, ըստ բանաստեղծի բանավոր կտակի, հուղարկավորված է ինքը, կնոջ` Նելլի Մենաղարիշվիլու հետ: Թանգարանը բացվել է Պարույր Սևակի եղերական մահվան տասնամյա տարելիցի օրը` 1981թ-ի հունիսի 17-ին: Ցուցասրահում մեծ բանաստեղծի մարդկային ու պոետական նկարագիրը առավել ընդգծուն ներկայացավ անվանի նկարիչ Ս.Մուրադյանի որմնանկարների շնորհիվ, որոնք վրձնի լեզվով ներկայացնում են Պ. Սևակին` որպես համահայկական կոչի հզոր ու անլռելի ժամհար, որի ստեղծագործական ողջ կյանքը հանուն այդ առաքելության պիտի անցներ տառապանքով և ավարտվեր ողբերգական ճակատագրով: Թանգարանի հարստությունը կազմող ցուցանմուշները տարեցտարի համալրվում են ամենաբազմազան նյութերով: Թանգարանը աստիճանաբար սկսում է զգալ ավելի լայն հոգածություն: Աստիճանաբար համաժողովրդական դարձող այս աջակցությունը այն երաշխիքն է, որով հնարավոր կլինի ժամանակի ընթացքում ունենալ Պարույր Սևակ մեծությանն արժանի մշակութային օջախ ու կենտրոն, թանգարանային ամբողջական համալիր:

 

This slideshow requires JavaScript.

Դվին քաղաքատեղի

Արարատի մարզ
գ. Հնաբերդ

OLYMPUS DIGITAL CAMERAՄիջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է IV դ. 30-ական թվականներին, Տրդատ III–ի որդի Խոսրով Բ Կոտակի օրոք: 330-331 թթ. Խոսրով Բ թագավորը հայոց արքունիքը Արտաշատից տեղափոխել է հյուսիս, Դվին կոչվող բլրի վրա` Արփա գետի հունի փոփոխման, Արտաշատ մայրաքաղաքի կլիմայական պայմանների վատթարացման պատճառով: 470 թ. Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի օրոք Վաղարշապատից Դվին է տեղափոխվել նաև կաթողիկոսարանը: VIII-IX դդ. Դվինը եղել է արաբ զավթիչների ստեղծած «Արմինիա» վարչական միավորման կենտրոն: Դվինը նոր վերելք է ապրել IX-XI դդ. Բագրատունիների թագավորության օրոք: XI դ. երկրորդ կեսին բռնազավթվել է սելջուկ թուրքերի կողմից: Ազատագրվել է XIII դ. Զաքարյանների իշխանության օրոք: Դվինը լրիվ ավերվել է 1225 թ. Ջալալ Էդ Դինի և 1236 թ. մոնղոլների արշավանքների հետևանքով: XV-XVI դդ. նրա տարածքում առաջացել են մի քանի գյուղական բնակավայրեր:

Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով, ինչպես նաև` մ.թ.ա. IX -VIII դդ. պաշտամունքային բնակավայր:
նկարներ :՝