Արվեստագետները մի հարկի տակ

Արմինե և Հարութ

Արդեն 22 տարի է նույն հարկի տակ են ապրում Հարութ և Արմինե Առաքելյանները: ՈՒնեն շատ լավ ընտանիք, լի ջերմությամբ ու սիրով: ՈՒնեն 3 երեխա, ու թեպետև ինչպես բոլոր արվեստագետները, հեշտ չեն հաց վաստակում ՝ունենալով բազմաթիվ սոցիալական խնդիրներ ու հոգսեր, բայց  և այնպես իրենց բարի, մարդասեր, հյուրասեր մարդկային դեմքն ու տիպը չեն փոխել, իրենց արժեքն ու արժանիքը պահել վեհությամբ ու սրբությամբ: ՈՒստի լրագրողական խմբի սաներս  ուզում ենք ներկայացնել հարցազրույց այս  ընտանիքի հետ: Հարցերին պատասխանում է՝ Արմինե Սարգսյանը:

-Պատմեք մի փոքր Ձեր մասին։

-Արդեն  22  տարի է ապրում եմ  Փ.Վեդիում, ավելի ճիշտ 22 ու էլի մի քանի ամիս, իսկ մինչ այդ …. Մինչ այդ ծնվել եմ Արտաշատ քաղաքում: Ծնողներս նույնպես ծնվել են Արտաշատում, պապերս էլ, պապերիս պապերն էլ, ինքս էլ ինձ նման բնիկ արտաշատցու չեմ ճանաչում: Սովորել եմ Արտաշատի թիվ 3 դպրոցում, հետո ավարտել  Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, հիմա տնային տնտեսուհի եմ:

-Ի՞նչ է Ձեզ համար նկարչությունը։

-Ասեմ ինչ է նկարչությունը ինձ համար հիմա, որովհետև, երբ 16 տարեկան էի այն բոլորովին ուրիշ բան էր ինձ համար: Հիմա նկարչությունը ինձ համար ամենից առաջ ճաշակ է: Ճաշակ ասածը միայն հագնվելուն չէ, որ վերաբերվում է: Եթե իսկապես ճաշակ ունես, ուրեմն ճաշակ ունես ամեն ինչի մեջ: Դու լսում ես ճաշակով երաժշտություն, նայում ես ճաշակով ֆիլմեր, կարդում ես ճաշակով գրականություն: ԵՎ, ընդհանրապես, ճաշակը իմ կարծիքով պետք է ի ծնե ունենալ: Անգամ տաղանդը կարող է բացահայտվել շատ աշխատելու դեպքում: Իսկ ճաշակ կամ ունես, կամ չունես, ու ոչ մի գումար չի օգնի քեզ ավելի ճաշակով  դառնալու (քիչ թե շատ տանելի՝գուցե):

-Ի՞նչ է կյանքը արվեստագետի աչքերով:

-Արվեստագետի աչքերը երբեմն խանգարում են, երբ քո տեղում չես:Շատ բան ես տեսնում, շատ բան հասկանում (գուցե այնքան,որքան պետք էլ չէ), ու դրանից ամենից առաջ քեզ համար է դժվար դառնում:

-Նույն հարկի տակ ի՞նչպես են միմյանց հասկանում արվեստագետ ամուսինները:

-Հիանալի: Չեմ կարող ասել, թե բոլոր արվեստագետների ընտանիքներում այդպես է, բայց երբ գնահատում են միմյանց թե որպես արվեստագետ, թե որպես մարդ, ուրեմն, անպայման կհասկանան միմյանց: Մենք լրացնում ենք միմյանց: Նա հիանալի ձեռք ունի իսկ ես կարող եմ տեսնել այն, ինչ ինքը չի նկատել: Նա միշտ ընդունում է իմ դիտողությունները, իսկ ես բարձր եմ գնահատում իրեն ու իր արվեստը:

-Ի՞նչպես եք ծանոթացել միմյանց հետ:

-Մենք համակուրսեցիներ ենք եղել, իսկ հետաքրքիրը սկսվեց հենց առաջին վայրկյանից; Երբ ես ՝8-րդ դասարանը նոր ավարտած մի աղջնակ սարսափեցի, երբ առաջին անգամ սեպտեմբերի 1-ին Հարութը մտավ մեր կուրս: Նա զինվորական ծառայությունից նոր էր վերադարձել  ու երկար, հաստ ու մեծ  բեղեր ուներ: Ես վախեցա ու մտածեցի՝ այդ «ձյաձյան» էլ է մեզ հետ սովորելու:

-Լի՞նում են պահեր,երբ հիասթափվում եք:

-Լինում են ու շատ, իսկ հեշտ է հաղթահարել, երբ ամեն ինչին նայում ես մի քիչ հումորով: Ընդհանրապես մարդու մեջ շատ եմ գնահատում հումորի զգացումը: Իսկ, երբ դա էլ չի օգնում, ուղղակի մտածում եմ, որ միևնույն է ամեն մարդ ինչ անում է, ամենից առաջ անում է ինքն իրեն, թե լավ և թե վատ: Եվ ուրիշի վատ արարքների համար ես չէ, որ պիտի պատասխան տամ, ինչքան էլ որ հետևանքների կրողը լինեմ: Ամենամեծ ու ամենաթանկ բանը՝ խաղաղությունն է, սկսած երկրի խաղաղությունից վերջացրած հոգու, մտքի, սրտի խաղաղությամբ: Եվ եթե քո մեջ ունես այդ խաղաղությունը, ուրեմն հիասթափությունները սարսափելի չեն: Եվ  հետո, ես ով եմ որ մարդուց ավելին պահանջեմ: Միևնույն է նա տալիս է այնքան, որքան կարող է և իմ պահանջելուց չի փոխվի նրա ունեցածի չափը: ՈՒղղակի պետք է ապրել այնպես, ինչպես մեզ Աստված է պատգամել՝ այն ամենը ինչ կուզենք, որ մեզ համար անեն, ինքներս անենք ուրիշների համար: Առավել ճշմարիտ խոսքեր ոչ մի տեղ չեմ լսել ու կարդացել :

-Կատարյալ մարդու Ձեր կերպարը:

-Կատարյալ մարդու կերպար չունեմ, կատարյալ միայն Աստված է: Պարզապես ունեմ ինձ շատ սիրելի մարդիկ: Սիրում եմ Վան Գոգին, Նարեկացի, անսահման սիրում եմ Մարկես, Կաֆկա, Կոբո Աբե, Ցվետաևա․․․ անվերջ կարող եմ լսել Շոպեն: Իսկ ամենասիրելի մարդը, որին սիրել եմ բոլոր տարիքներում՝ Լեոնիդ Ենգիբարյանն է: Մի ժամանակ ինքս էլ փորձում էի թարգմանել նրա հիանալի արձակ բանաստեղծությունները: Իմիջիայլոց թարգմանելն ավելի դժվար է, քան գրելը:

-Իսկ ի՞նչ ոճով եք ստեղծագործում:

-Ճիշտն ասած հիմա չեմ ստեղծագործում: Իմ ստեղծագործությունները հիմա իմ երեխաներն են, որոնց ես նվիրում եմ իմ ամբոջ ժամանակը: Իսկ ընդհանրապես շատ եմ սիրում նկարել նատյուրմորտներ, երբեմն շատ եմ կարոտում ներկերի հոտը:

-Ի՞նչ նախասիրությունններ ունեք բացի նկարչությունից:

-Սիրում եմ ծաղիկներ աճեցնել, հատկապես կակտուսներ: Իսկ ամենից շատ սիրում եմ հեռուստատեսային այն հաղորդումները, որոնք պատմում են ճանաչված մարդկանց կյանքի ու ստեղծագործությունների մասին:

-Ժառանգել են արդյո՞ք Ձեր երեխաները հոր և մոր շնորհքը:

-Նրանց երեքի մեջ էլ անպայման ինչ որ բան կա, բայց թե ես թե ամուսինս չենք ուզում, որ նրանք շարունակեն մեր ճանապարհը: Արվեստը, մասնավորապես, նկարչությունը անմնացորդ նվիրում է պահանջում, եթե ուզում ես կայանալ որպես արվեստագետ: Սակայն այնքան, որքան պետք է գեղեցիկը տգեղից տարբերելու (ամեն ինչի մեջ), կարծում եմ այդքանը նրանց մեջ արդեն դրված կա:

-Ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդ սերնդին:

-Մեր այսօրվա երիտասարդ սերունդը, որ շատ լավն է ու հետաքրքիր, կմաղթեմ, որ լրիվ ու մինչև վերջ օգտագործեն իրենց հնարավորությունները, ժամանակը, ազատությունը: Երեխաներին մաղթում եմ ամենից առաջ աշխատասիրություն ու էլի աշխատասիրություն: Որովհետև առանց աշխատասիրության ամենափայլուն ընդունակություններն  անգամ ժամանակի ընդացքում կարող են խամրել: Թող որ, նրանցից յուրաքանչյուրը գտնի իր իսկսկան տեղը:

Հարցազրույցը վարեց  լրագրողական խմբի սան `Աստղիկ Առաքելյանը 14տ.