Հրաշք, որ կատարվեց Խոր Վիրապում

Պատկերացրեք մի փոքրիկ գյուղ: Հայկական ավանդական ընտանիք, նույնքան էլ ավանդական միջավայր ու լիքը նպատակներով ինքնամփոփ 11ամյա տղա: Օրերը միօրինակ են, ինչպիսին հիմնականում լինում են բոլոր գյուղերում. Տանից դպրոց, դպրոցից՝ տուն: Պատմությունս սկսելու համար ասեմ, որ այդ տղան ես էի 8 տարի առաջ: Բավական ակտիվ երեխա էի, ամեն ինչ անում էի օրս առավել լեցուն ու հետաքրքիր անցկացնելու համար, սակայն հիմնականում դա ինձ մոտ չէր ստացվում: Նպատակ էի դրել անպայման (էն տելեվիզրի միջի մարդու նման դառնալ,այն ժամանակ ամեն օր դիտում էինք Տիգրան Նաղդալյանի «Օրակարգ» հաղորդաշարը): Ավելի ճիշտ դա պապիս նպատակն էր, որը կամաց կամաց դարձավ նաև իմը: -«Լավ ժուռնալիստ է,ճիշտ բաներ է խոսում», -ամեն անգամ ասում էր պապս՝ նրա հաղորդումը դիտելիս: Այդպես մտադրվեցի՝ ապագայում անպայման ժուռնալիստ դառնալ: Հարազատներս շատ էին ուրախանում, երբ տեսնում էին ինձ՝ թերթը ձեռքիս այս ու այն կողմ վազելիս: Մոտենում էի մարդկանց, ձեռքիս թերթը ոլորում, միկրոֆոնի տեսք տալիս ու հարցնում. «Երկու խոսք ձեր կյանքից» (ամեն անգամ չի լինում զսպել ժպիտս,այս դեպքերը հիշելիս): Բոլորն էին տեսնում իմ մեջ ժուռնալիստ դառնալու պոտենցիալը,բայց թերահավատությամբ էին մոտենում: Պապս կահույքագործ, հայրս կահույքագործ, մի խոսքով, արհեստի մարդիկ, ինչ ժուռնալիստի մասին կարող է խոսք լինել յու բացի այդ «ժուռնալիստներն ինչ փող են աշխատում որ» (հորս խոսքերն են):

Մի օր դպրոցում անսովոր աշխույժություն էր: Բոլորը խոսում էին ինչ որ մանկապատանեկան ծրագրի մասին, որը շուտով մեկնարկելու էր մեր համայնքում։ Պատկերացրեք ինչքան մեծ եղավ ուրախությունս, երբ ծրագրում ընդգրկված ոլորտների ցանկում տեսա ժուռնալիստիկան, բայց որը շուտով փոխվեց հիասթափության, երբ տեսա, որ ծրագրին կարող են մասնակցել 12 տարին լրացած աշակերտները: Վատ տրամադրությամբ տուն գնացի, մայրս միանգամից զգաց, որ բան է պատահել: Իմանալով պատմությունը ՝մայրս առաջարկեց ամեն դեպքում դիմել: Այդպես էլ արեցի: Հաջորդ օրը տուն եկա դիմում –հայտի ձևանմուշով, որտեղ պիտի լիներ ծնողի ստորագրությունը: Կարծում եմ, կռահում եք հորս արձագանքը. «Տղես,եթե դասերիցդ բացի ուրիշ բան ես ուզում անել ,արի մոտս՝ արհեստանոց, համ ինձ կօգնես, համ էլ արհեստս կսովորես: Ժուռնալիստներն ինչ փող են աշխատում որ…»: Ինչ եք կարծում ինչ  պիտի լինի շարունակությունը: Դե իհարկե օգնության է գալիս մայրս: ԵՎ սկսում է շատերի համար  գուցե սովորական պարապմունքները, բայց ինձ համար իսկական հրաշքը. Ոչ ավանդական դասապրոցես, մտքերի անկաշկանդ արտահայտում, ժուռնալիստական հմտությունների ուսուցում, շփում իրական ժուռնալիստների հետ, ստացած գիտելիքների գործնական  կիրառում: Եվ որ տվյալ պահին ինձ ամենից շատ  էր հարկավոր, մեկընդմիշտ հրաժարվեցի կյանքս փչացնող անիմաստ կոմպլեքսներից: Հետագայում հրաշքը կրկնապատկվում է. Ամեն ինչին գալիս են գումարվելու Երևանում և Ծաղկաձորում տեղի ունեցող այոականների համագումարները, ծրագրի մյուս ակումբներ փոխայցելությունները, նոր ընկերներ, ծանոթություններ.. Թե կարող եք համոզեք, որ այս ամենը ինձ համար հրաշք չէր: Այ սա հետաքրքիր կյանք է…

Արդեն հայրս էլ էր համակերպվել իմ ժուռնալիստ դառնալու ցանկության հետ: Մի քիչ էլ և ես արդեն ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող եմ: Վստահորեն ոտք եմ դնում համալսարան հիմնասյունային գիտելիքներով: ՈՒ մինչդեռ կուրսեցի ընկերներս կհասկանային, թե ինչ ասել է, ասենք լրատվական կամ վերլուծական ժանր, ես իմ իմացածով նյութեր եմ գրում տվյալ ժանրերով:

Մի տարի բուհում սովորելուց  հետո դիմեցի  «Արարատ» մարզային հեռուստատեսություն  աշխատելու համար ու պատկերացրեք ՝ընդունեցին:

Հիմա 19 տարեկան եմ, սովորում եմ  Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում, աշխատում եմ սիրածս մասնագիտությամբ (չնայած աշխատավարձս ընդամենը 25.000 դրամ է, այսինքն հայրս ճիշտ էր, բայց միևնույն է չեմ զղջում ընտրությանս համար) և ամենակարևորը, հայրս հպարտանում է ինձանով…

Ի՞նչ եք կարծում, կունենայի նման ապագա դեռ 8 տարի առաջ առանց «հրաշքի»: Ես խոստովանեմ՝ ինքս չգիտեմ: Փոխարենը հստակ կասեմ մեկ այլ բան՝ ուրախ եմ, որ այդ «հրաշքը» եղել է:

Հ.Գ. -Ես ժողովրդի ասած «ուտող ուրացող» չեմ: Մեծ սիրով երբեմն փորձի փոխանակում եմ անում մինչև հիմա մեր համայնքում գործող ծրագրի մասնակիցների հետ ու հնարավորության դեպքում կանեմ ավելին…

Գրիգոր Հարությունյան    «Սիս» ակումբի շրջանավարտ։

Այս գրառումը հրապարակված ՝ Խոր Վիրապ բաժնում։