Իմ նախնիները

Իմ մեծ պապ Հովսեփը գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանա գավառի Սաթմանիստ գյուղից: 1915թ-ի հայկական ջարդերի ժամանակ նրանք փախել են Իրաք, 7 տարի ապրել անգլիական մանկատանը, հետո միայն վերադարձել Խորհրդային Հայաստան: Անցնելով գաղթի ճանապարհ, տեսնելով կոտորած ու ջարդ, այստեղ էլ նա կորցնում է կնոջը ու մենակ պահում, մեծացնում իր երեք տղաներին: Ասում են, որ նա գլխաշորով կապում էր իր բեղ-մորուքը, կռանում բարկ թոնրի մեջ ու հաց թխում տղաների համար: Իմ պապ Աղվանը` նրա տղան, իր հոր արժանի զավակն էր: Նա լավ որսորդ էր, շատ ազնիվ, բարի, քաջ ու անվախ մարդ: Մենակ դուրս է եկել արջի դեմ կռվի ու չի վախեցել: Հայրս ընդամենը 6 տարեկան էր, երբ Աղվան պապս ավտովթարից զոհվել է: Այդ ժամանակ նրա ընկերները ասել են, որ Փոքր Վեդիի 99%-ը մահացավ: Ահա թե ինչպիսի մարդ է եղել իմ պապ Աղվանը: Իմ մեծ պապ Հովսեփը մահացավ` սրտում Էրգրի կարոտը, Աղվան պապս` աչքը Մասիսի ճակատին, հորս սրտում` մեր պապերի թողած Էրգրի կարոտն ու ցավն է, նույն կարոտն ու ցավը, որ հիմա նաև իմ արյան մեջ է, պիտի զգան ու ապրեն մեր երեխաներն ու թոռները, քանի դեռ չի վերականգնվել արդարությունը…

Աստղիկ Առաքելյան 14 տ.

Այս գրառումը հրապարակված ՝ Խոր Վիրապ բաժնում։