Աշխարհի ամենատաքուկ անկյունը

Գյուղը, որտեղ ես ապրում եմ գտնվում է Արարատի մարզում՝ պատմական Արտաշատ  մայրաքաղաքի տարածքում: Իմ գյուղը ինձ շատ հոգեհարազատ է, չէ որ այն իմ ծննդավայրն է: Այստեղ է անցել իմ մանկությունը  ու հիմա էլ շարունակում եմ ապրել  նույն վայրում: Սովորում եմ 4-րդ դասարանում, զուգահեռ հաճախում եմ երաժշտական դպրոց, սովորում երգել: Երաժշությունն էլ շատ հոգեհարազատ է ինձ: Իմ գյուղը ոչնչով չի զիջում քաղաքին, նախ որ իմն է, իմ հարազատ ծննդավայրը և երկրորդ, որ իմ ընտանեկան ամենատաքուկ անկյունն է  գտնվում այստեղ:

 Մարիամ Հարությունյան 9 տ.

Երջանիկ տունը

Թեև ես չեմ ապրում Հյուսիսային պողոտայի ամենաշքեղ տներից մեկում,սակայն մեր համեստ տանը այնքան սեր ու ջերմություն կա, իրար հանդեպ անսահման սեր, միմյանց մասին մտածելու, հոգ տանելու անափ երջանկություն: Ես ծնունդն եմ մի պարզ ու համեստ ընտանիքի, որտեղ իշխում է սերն ու համերաշխությունը: Մեր ընտանիքը բաղկացած է յոթ հոգուց՝ ծնողներս և մենք՝ երկու քույր ,երեք եղբայր: Չնայած մեր չափազանց համեստ ապրելակերպին, ծնողներս ոչինչ չեն խնայում մեզ նախ մեծատառով մարդ մեծացնելու և հետո ուսման տալու հարցում: Ավագ եղբայրս սովորում է ԵՊՀ-ի միջուկային ֆիզիկայի բաժնի 4-րդ կուրսում, մեծ հաջողություններ ունի ուսման մեջ: Միջնեկ եղբայրս ծառայում է Հայոց բանակում: Փոքր եղբայրս սովորում է Երևանի թիվ 43 ավագ դպրոցում, ավագ քույրս ավարտել է 12-րդ դասարանը, իսկ ես սովորում եմ 6-րդ դասարանում: Ցանկությունս մեծ է շարունակելու ուսումս, ինձ դուր է գալիս լրագրողի մասնագիտությունը: Ես սիրում եմ իմ ընտանիքը և ինձ շատ ապահով ու հանգիստ եմ զգում մեր ջերմ ընտանեկան մթնոլորտում: Թող արշալույսները միշտ խաղաղ բացվեն ամբողջ աշխարհի ու իմ ընտանիքի համար:

Ալլա Պետրոսյան 11 տ.

Բաժանում

Իմ գյուղը գտնվում է Արարատյան դաշտավայրում` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Այստեղից  մեր  առջև բացվում է մի գեղեցիկ տեսարան՝ Սիսն ու Մասիսը ուս-ուսի տված երկու եղբայրների պես, փորձում են իրենց քույր Արաքսին գրկեն: Սակայն Արաքսը խռոված ասես այդ բաժանումից հոսում է, հոսում …

Ես համոզված եմ, որ կգա այն օրը , որ կապանքներից կազատվեն նրանք և Արաքս գետը ուրախ քրքիջով կգրկախառնվի ավագ ու կրտսեր եղբայրների հետ՝ խորհրդավոր ու ամենազոր եկեղեցու հովանու ներքո,այնտեղ՝ որտեղ ապրում եմ ես:

 

Ալլա  Պետրոսյան 11 տ․

 

 

ԱՇՈՒՆ

Նստած, նայում եմ շուրջս

Նայում եմ շուրջս ու հասկանում եմ,

Որ ես ոչ մի տեղ ու ոչ մի անգամ

Այսպիսի հրաշք աշուն չեմ տեսել,

Աշնան զեփյուռի ձայնը չեմ լսել:

ՈՒ տերևները ասես զեփյուռի ձայնը լսելով՝

Հուզվում, ընկնում են մեզ պարգևելով գույների  տարափ:                                Ալլա Պետրոսյան 11տ.

Ետադարձ հայացք

Մեր տանը երկու Աստղիկ կա : Տատս՝ մեծ Աստղիկը ու ես: Տատս սասունցի է: Նա երբեմն երբեմն պատմում էր հետաքրքիր պատմություններ իմ մեծ տատ Գյուլիզարի մասին: Նա ծնվել է Սասնա Կոտոլ գյուղում : Տատս պատմում էր, թե ինչպես 1915թ. Հայկական ջարդերի ժամանակ կորցնելով հորը և մորը Գյուլիզար տատս և իր քույր Մարիամը մնում են մենակ: Նրանք մի որոշ ժամանակ պատսպարվում են  մի քուրդ մեծահարուստի  երկհարկանի տան աստիճանների տակ: Երբեմն հարուստ տանտերերը կերակրի մնացորդներ էին նետում պատուհանից դուրս: Մարիամը փոքրն էր՝ արագ վազում, հավաքում էր մնացորդները, մտնում էին աստիճանների տակ և ուտում: Հետո անգլիացիները հավաքում են բոլոր երեխաներին ու տեղափոխում Իրաք; Բաղդադի անգլիական մանկատանը մնում են 6 տարի: 1921թ .-ին նավերով հայերին տեղափոխում են Բաթումի, այնտեղից էլ Խորհրդային Հայաստան: Գյուլիզարն ու Մարիամը ձեռք ձեռքի բռնած գալիս են նավ նստելու: Բայց երբ Գյուլիզարը նստում է, տեղերը լրանում են ու Մարիամը մնում է  ամբոխի մեջ՝ հաջորդ նավով գալու համար: Բայց հաջորդ նավ այդպես էլ չի լինում: Այդպես էլ նրանք կորցնում են իրար և այլևս երբեք չեն հանդիպում…

Գյուլիզարը ամուսնանում է Աբելի հետ և ունենում երկու աղջիկ՝ Նուբարը և Աստղիկը: Աստղիկ տատս  էլ  երջանիկ կյանք չի ունեցել, հայրս վեց տարեկան է լինում, երբ մահանում է պապս: Աստղիկ տատս մենակ պահում, մեծացնում է իր  երեք երեխաներին: Քսան կով է կթում ֆերմայում, որ կարողանա երեխաների ապրուստը հոգա: Հիշում եմ տատիս կռացած, ճկված, երկու տակ դարձած, տարիների հոգսից ու իրեն բաժին հասած կյանքի ծանրությունից….

 

Աստղիկ Առաքելյան 14 տ.

Գյուղս

Խոր Վիրապը պատմամշակույթային արժեք ունեցող վայր է ,փռված բիբլիական Մասիսի ստորոտում և Արարատյան դաշտավայրի հոլանի փեշերին: Այստեղ են աճում աշխարհի ամենաանուշահամ մրգերն (խաղող, ծիրան, դեղձ ) ու բանջարեղենները: Այստեղ է իր առաջին հանգրվանը գտել Նոյ նահապետը՝ համաշխարհային ջրհեղեղից հետո, կայանելով Մասիս սարի գագաթին՝ մարդկության զարգացման 2-րդ սկիզբն ազդարարելով: Գյուղին կից գտնվում է Խոր Վիրապ եկեղեցին, որտեղ (301թ.) պահվել է Գրիգոր Լուսավորիչը՝ Տրդատ թագավորի հրամանով: 13 տարի ապրել հրաշքով  և դուրս գալով խցից՝ սկիզբ դրել քրիստոնեության տարածմանը Հայաստանում: Այս վայրը կարելի է համարել  և մարդկության 2-րդ սկիզբ, և քրիստոնեության ընդունման սկիզբ: Այստեղից կարելի է հեռվից տեսնել  Մայր Արաքս գետը, որը ողջ հայության վիշտն ու կսկիծը, իսկ հիմա էլ կարոտը սրտում, հոսում է անվերջ՝ վիշտն ափերին պատմելով: Եվ  ահա այս բիբլիական վայրում  կա մի գողտրիկ գյուղ Խոր Վիրապ (Փ.Վեդի ) անունով: Այստեղ, ինչպես և բոլոր գյուղերում, զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ:Գյուղացիներն էլ աշխատասեր են և հողասեր: Հողի յուրաքանչյուր կտոր ջրում են քրտինքով, քարից հաց քամում՝արարատյան կիզող արևի տակ: Գյուղն ունի 1 դպրոց, որտեղ սովորում են մոտ 600 աշակերտ, ունի 1 մշակույթի տուն, մի մանկապարտեզ ու մի բուժ.կետ: Գյուղը չնայած, որ բիբլիական է, բայց ունի իր հոգսերն ու խնդիրները: Հոգնած ու չարչարված առօրյա, հողի ու արևի հետ կռիվ՝հացի խնդիր: Բայց մինչ կհասնեինք դրան սկսեմ հենց սկզբից .

Մեր գյուղը, որպես բնակավայր հիմնվել է եղեռնից փրկված և Արևելյան Հայաստան գաղթած արևմտահայերի այստեղ բնակվելու արդյունքում(1922 թ): Սկզբնական շրջանում այստեղ բամբակ են աճեցրել, չեն եղել մեքենաներ, մեխանիզացիա ողջ աշխատանքը կատարվել է ձեռքով, արտը վարել են եզներով, բերքը՝ տեղափոխել սայլերով: Մարդիկ ապրել  են  հողաշեն տներում: Գյուղի հիմնադիրը՝ Մարգար Հովհաննիսյանն է: Յուրաքանչյուր փոքրվեդեցի լավ գիտի իր նահապետի պատմությունն ու գործունեությունը: Հետզհետե գյուղը սկսում է զարգանալ: Հողաշեն տներին փոխարինելու եկան քարե բարեկարգ տները, կառուցվեց մանկապարտեզը, դպրոցը, մշակույթի տունը: Գյուղի բարգավաճման, զարգացման գործում մեծ ավանդ ունի Մարգար Հովհաննիսյանը: Այժմ գյուղն ունի 3235 բնակիչ:

Արման Աբրահամյան 11տ.