Արև որոնողը

Ի՞նչ կաներ մարդը առանց արևի: Երբևէ չէի մտածել, թե ի՞նչ կլիներ, եթե չլիներ արևը, կամ լիներ, բայց անվերջ որոնելով չգտնեի այն: Բայց հանգամանքները ստիպեցին ինձ մտածել ու փորձել հասկանալ, թե ինչ է նշանակում իմանալ, որ կա արև, զգում ես նրա ներկայությունն ու ջերմությունը, բայց չես գտնում, չես տեսնում..․ Անվերջ որոնում ու որոնում, բայց այդպես էլ չես գտնում…
Երբեմն դպրոցից տուն վերադառնալիս փոխում եմ ճանապարհս ու ուրիշ ճանապարհով գնում: Այնտեղով անցնելիս միշտ տեսնում եմ մի պապիկի, որը կույր է, բայց հաճախակի է փայտը ձեռքին զբոսնում: Նրա անունը Ֆիլիպ է, մտածում եմ. (Ինչ հրաշալի անուն, անունն արդեն խոսում է մարդու մասին, անունը լսելիս արդեն մտածում ես այդ մարդը ինչ ուժեղ, քաջ, արի ու բարի  մարդ կլինի): Ճիշտ է նա հենց այդպիսին էլ կա, բայց ցավ եմ ապրում, մտածելով, թե ինչ հաջողությունների հասած կլիներ, եթե կույր չլիներ…
Հաճախ եմ դասամիջոցներին կանգնում պատուհանի մոտ ու նայում նրան: Հետաքրքիր է, միշտ մտածում եմ` ի՞նչ կանեի, եթե ես լինեի նրա փոխարեն: Չգիտեմ..գուցե չդիմանայի…Բայց կարծում եմ, ավելի հեշտ է ի ծնե լինել կույր, քան ապրել կյանքի կեսն ու նոր կուրանալ: Իմանալ,որ արևն ամեն օր ծագում է, հիշել այն լավ օրերը, երբ տեսնում էիր դա, բայց մտածել, որ անվերջ որոնելով մեկ է չես գտնելու…
Բայց արևը այն բոլորի ընդամենը միայն մի փոքր մասն է,որը անվերջ որոնելով չես գտնի…..

Աստղիկ Առաքելյան 14 տ․

Հրաշք, որ կատարվեց Խոր Վիրապում

Պատկերացրեք մի փոքրիկ գյուղ: Հայկական ավանդական ընտանիք, նույնքան էլ ավանդական միջավայր ու լիքը նպատակներով ինքնամփոփ 11ամյա տղա: Օրերը միօրինակ են, ինչպիսին հիմնականում լինում են բոլոր գյուղերում. Տանից դպրոց, դպրոցից՝ տուն: Պատմությունս սկսելու համար ասեմ, որ այդ տղան ես էի 8 տարի առաջ: Բավական ակտիվ երեխա էի, ամեն ինչ անում էի օրս առավել լեցուն ու հետաքրքիր անցկացնելու համար, սակայն հիմնականում դա ինձ մոտ չէր ստացվում: Նպատակ էի դրել անպայման (էն տելեվիզրի միջի մարդու նման դառնալ,այն ժամանակ ամեն օր դիտում էինք Տիգրան Նաղդալյանի «Օրակարգ» հաղորդաշարը): Ավելի ճիշտ դա պապիս նպատակն էր, որը կամաց կամաց դարձավ նաև իմը: -«Լավ ժուռնալիստ է,ճիշտ բաներ է խոսում», -ամեն անգամ ասում էր պապս՝ նրա հաղորդումը դիտելիս: Այդպես մտադրվեցի՝ ապագայում անպայման ժուռնալիստ դառնալ: Հարազատներս շատ էին ուրախանում, երբ տեսնում էին ինձ՝ թերթը ձեռքիս այս ու այն կողմ վազելիս: Մոտենում էի մարդկանց, ձեռքիս թերթը ոլորում, միկրոֆոնի տեսք տալիս ու հարցնում. «Երկու խոսք ձեր կյանքից» (ամեն անգամ չի լինում զսպել ժպիտս,այս դեպքերը հիշելիս): Բոլորն էին տեսնում իմ մեջ ժուռնալիստ դառնալու պոտենցիալը,բայց թերահավատությամբ էին մոտենում: Պապս կահույքագործ, հայրս կահույքագործ, մի խոսքով, արհեստի մարդիկ, ինչ ժուռնալիստի մասին կարող է խոսք լինել յու բացի այդ «ժուռնալիստներն ինչ փող են աշխատում որ» (հորս խոսքերն են):

Մի օր դպրոցում անսովոր աշխույժություն էր: Բոլորը խոսում էին ինչ որ մանկապատանեկան ծրագրի մասին, որը շուտով մեկնարկելու էր մեր համայնքում։ Պատկերացրեք ինչքան մեծ եղավ ուրախությունս, երբ ծրագրում ընդգրկված ոլորտների ցանկում տեսա ժուռնալիստիկան, բայց որը շուտով փոխվեց հիասթափության, երբ տեսա, որ ծրագրին կարող են մասնակցել 12 տարին լրացած աշակերտները: Վատ տրամադրությամբ տուն գնացի, մայրս միանգամից զգաց, որ բան է պատահել: Իմանալով պատմությունը ՝մայրս առաջարկեց ամեն դեպքում դիմել: Այդպես էլ արեցի: Հաջորդ օրը տուն եկա դիմում –հայտի ձևանմուշով, որտեղ պիտի լիներ ծնողի ստորագրությունը: Կարծում եմ, կռահում եք հորս արձագանքը. «Տղես,եթե դասերիցդ բացի ուրիշ բան ես ուզում անել ,արի մոտս՝ արհեստանոց, համ ինձ կօգնես, համ էլ արհեստս կսովորես: Ժուռնալիստներն ինչ փող են աշխատում որ…»: Ինչ եք կարծում ինչ  պիտի լինի շարունակությունը: Դե իհարկե օգնության է գալիս մայրս: ԵՎ սկսում է շատերի համար  գուցե սովորական պարապմունքները, բայց ինձ համար իսկական հրաշքը. Ոչ ավանդական դասապրոցես, մտքերի անկաշկանդ արտահայտում, ժուռնալիստական հմտությունների ուսուցում, շփում իրական ժուռնալիստների հետ, ստացած գիտելիքների գործնական  կիրառում: Եվ որ տվյալ պահին ինձ ամենից շատ  էր հարկավոր, մեկընդմիշտ հրաժարվեցի կյանքս փչացնող անիմաստ կոմպլեքսներից: Հետագայում հրաշքը կրկնապատկվում է. Ամեն ինչին գալիս են գումարվելու Երևանում և Ծաղկաձորում տեղի ունեցող այոականների համագումարները, ծրագրի մյուս ակումբներ փոխայցելությունները, նոր ընկերներ, ծանոթություններ.. Թե կարող եք համոզեք, որ այս ամենը ինձ համար հրաշք չէր: Այ սա հետաքրքիր կյանք է…

Արդեն հայրս էլ էր համակերպվել իմ ժուռնալիստ դառնալու ցանկության հետ: Մի քիչ էլ և ես արդեն ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող եմ: Վստահորեն ոտք եմ դնում համալսարան հիմնասյունային գիտելիքներով: ՈՒ մինչդեռ կուրսեցի ընկերներս կհասկանային, թե ինչ ասել է, ասենք լրատվական կամ վերլուծական ժանր, ես իմ իմացածով նյութեր եմ գրում տվյալ ժանրերով:

Մի տարի բուհում սովորելուց  հետո դիմեցի  «Արարատ» մարզային հեռուստատեսություն  աշխատելու համար ու պատկերացրեք ՝ընդունեցին:

Հիմա 19 տարեկան եմ, սովորում եմ  Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում, աշխատում եմ սիրածս մասնագիտությամբ (չնայած աշխատավարձս ընդամենը 25.000 դրամ է, այսինքն հայրս ճիշտ էր, բայց միևնույն է չեմ զղջում ընտրությանս համար) և ամենակարևորը, հայրս հպարտանում է ինձանով…

Ի՞նչ եք կարծում, կունենայի նման ապագա դեռ 8 տարի առաջ առանց «հրաշքի»: Ես խոստովանեմ՝ ինքս չգիտեմ: Փոխարենը հստակ կասեմ մեկ այլ բան՝ ուրախ եմ, որ այդ «հրաշքը» եղել է:

Հ.Գ. -Ես ժողովրդի ասած «ուտող ուրացող» չեմ: Մեծ սիրով երբեմն փորձի փոխանակում եմ անում մինչև հիմա մեր համայնքում գործող ծրագրի մասնակիցների հետ ու հնարավորության դեպքում կանեմ ավելին…

Գրիգոր Հարությունյան    «Սիս» ակումբի շրջանավարտ։

Իմ նախնիները

Իմ մեծ պապ Հովսեփը գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանա գավառի Սաթմանիստ գյուղից: 1915թ-ի հայկական ջարդերի ժամանակ նրանք փախել են Իրաք, 7 տարի ապրել անգլիական մանկատանը, հետո միայն վերադարձել Խորհրդային Հայաստան: Անցնելով գաղթի ճանապարհ, տեսնելով կոտորած ու ջարդ, այստեղ էլ նա կորցնում է կնոջը ու մենակ պահում, մեծացնում իր երեք տղաներին: Ասում են, որ նա գլխաշորով կապում էր իր բեղ-մորուքը, կռանում բարկ թոնրի մեջ ու հաց թխում տղաների համար: Իմ պապ Աղվանը` նրա տղան, իր հոր արժանի զավակն էր: Նա լավ որսորդ էր, շատ ազնիվ, բարի, քաջ ու անվախ մարդ: Մենակ դուրս է եկել արջի դեմ կռվի ու չի վախեցել: Հայրս ընդամենը 6 տարեկան էր, երբ Աղվան պապս ավտովթարից զոհվել է: Այդ ժամանակ նրա ընկերները ասել են, որ Փոքր Վեդիի 99%-ը մահացավ: Ահա թե ինչպիսի մարդ է եղել իմ պապ Աղվանը: Իմ մեծ պապ Հովսեփը մահացավ` սրտում Էրգրի կարոտը, Աղվան պապս` աչքը Մասիսի ճակատին, հորս սրտում` մեր պապերի թողած Էրգրի կարոտն ու ցավն է, նույն կարոտն ու ցավը, որ հիմա նաև իմ արյան մեջ է, պիտի զգան ու ապրեն մեր երեխաներն ու թոռները, քանի դեռ չի վերականգնվել արդարությունը…

Աստղիկ Առաքելյան 14 տ.

Կաթը

Կաքավ տատի  պատմությունը

Մեր տանը ոչ ոք կաթ չէր խմում, այն արգելված ու մի տեսակ արհամարհված էր  տանը: Ամենաշատ Կաքավ տատս էր խորշում կաթից «հարամ» էր անվանում: Ես չնայած այդ ընտանիքում էի ապրում, բայց մի օր թաքուն փորձեցի ու կաթի համն ինձ շատ դուր եկավ: Երբ խնդրում էի մայրիկիցս, որ կաթ տար ինձ խմեի, նա վախվորած մերժում էր ամեն անգամ մի պատճառաբանություն հորինելով: ՈՒ այդպես էլ իմ մեջ հարց մնաց …ինչու՞…

Տարիներ հետո, երբ տատս ծանր հիվանդ էր ու մահվան շեմին, ես էլ արդեն դպրոցական, նա պատմեց ինձ  Արևմտյան Հայաստանի, հայերի կոտորածների, գաղթի, իրենց ընտանիքի մասին:

Կաքավ տատը պատմեց, թե ինչպես իր աչքի առաջ բռնի մտնելով իրենց տուն  թուրքերը սպանել են հորը, կոտորել բոլորին, գերի տարել եղբորը ու ինքն ու մայրը բռնել են գաղթի ճանապարհը: Երեք տարեկան եղբորը հագցրել են աղջկա շորեր, որ  չսպանեն: Ծանր ու հոգնատանջ գաղթի  ճանապարհին նրանց է մոտենում  հայ ծանոթներից մեկը և լավ լուրի համար ընծա պահանջում, մայրը լսելով  տղայի  գտնվելու լուրը առանց հապաղելու հանում է արծաթե գոտին ու նվիրում լուր տվողին: Մարգար եղբորս վեց տարի չէինք տեսել, անսահման ուրախացանք գրկախառնվեցինք: Եղբայրս քաղցած էր, նա խնդրեց, որ մայրս մոտի «սաջու» հացը տա քուրդ հովիվին և կաթ խնդրի փոխարենը, ասելով, որ վեց տարի է կաթ չի խմել, շատ է  կարոտել համին: Կաթը բերում են եղբայրս  խմում է ու քնում, ասելով, որ երբ շարունակեն ճանապարհը, իրեն արթնացնեն: Երբ գաղթականների խումբը սկսում է շարունակել ճանապարհը, եղբորը արթնացնում են, բայց……….նա քնել էր հավերժական քնով:

Արման Աբրահամյան 11տ.

Անավարտ գարուններ

Լուսաբաց էր, հեռվում երևում էր հպարտ Մասիսը է՝ իր մառախլապատ գագաթով: Գեղեցիկ է գարունը իմ ծննդավայրում: Ծառերը հարսների նման սպիտակ շորեր հագած, երկինքը՝ պարզ, արևը՝ ջերմ: Քամին պոկում է ծաղկած ծառերի սպիտակ թերթիկները ու թռցնում հեռու…

Ճակատագրի  քամին էլ կյանքի  ծառից պոկեց երիտասարդ կյանքեր, ծաղկի թերթիկներ՝ Հայկ Մանուկյան, Լեռնիկ Ստեփանյան, Ջանիկ Դուրյան, Ֆրունզ Ղազարյան: Անավարտ մնացին նրանց գարունները ու ամեն անգամ  արտասանելիս այս անունները  հուզվում ես, գարնան անձրևի պես լալիս: Փոքր է իմ գյուղը, բայց հերոսական մեծ ոգի ունի: Արցախի պատերազմին գյուղը 120 կամավոր տվեց, ցավոք  զոհեր էլ ունեցանք: Այս հերոս տղաները միշտ կմնան մեր հուշերում  ու ամեն գարնան հետ կհավերժանան:

Անուշ Մանուկյան  14 տ.