Մարդ որ քարին խոսեցնել գիտի

Մշակույթի տուն

Հարություն Առաքելյանը Փ. Վեդու քանդակագործ, նկարիչն է: Գյուղի կենտրոնում վեր է  խոյանում նրա քանդակած խաչքարը: Խաչքարի վրա փորագրված է՝ «Մեծ եղեռնին և արցախյան գոյամարտին՝ հավատք, կամք, նվիրում»: Ներքևի մասում գրված է զոհված ազատամարտիկներ՝ Հայկ Մանուկյանի, Լեռնիկ Ստեփանյանի, Ջանիկ Դուրյանի, Ֆրունզ Ղազարյանի անունները: Այն տեղադրվել է 2005թ.մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը` որպես հիշատակի կոթող բոլոր հայ անմեղ զոհերի:   Մենք՝ լրագրողական խմբի սաներս ճեպազրույց ունեցանք քանդակագործի  հետ:

-Մի փոքր պատմեք Ձեր մասին:

-Ծնվել եմ Փ.Վեդի գյուղում, ավարտել գյուղի միջնակարգ դպրոցը, զուգահեռ Վեդու նկարչական դպրոցը, ավելի ուշ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Երկար տարիներ աշխատել եմ Արարատի նկարչական դպրոցում:

-Այս խաչքարի մտահղացումը Ձերն էր ,թե՞ ունեիք առաջարկ:

-Ավելի շուտ կար առաջարկը, ես էլ այն իրականացրեցի իմ մեջ եղած մտահղացումների օգնությամբ:

-Ի՞նչ է Ձեզ համար քանդակագործությունը:

-Նախ և առաջ ՝հաճույք:

-Ի՞նչ եք քանդակել խաչքարի վրա և ինչ են խորհրդանշում այդ քանդակները:

-Սուր և վահան, որոնք խաչին պահապան են:

-Երկա՞ր ժամանակ պահանջվեց, որպեսզի իրագործեք Ձեր մտահղացումը։

-Մոտ երեք-չորս ամիս:

-Ի՞նչ ապագա ծրագրեր և մտահղացումներ ունեք:

-Ամենակարևոր նպատակս Խոսրովի անտառի ժայռերից մեկի վրա Սասունցի Դավիթի արձանը քանդակելն է, իհարկե այդ աշխատանքը հնարավոր կլինի իրագործել  միայն, եթե հովանավոր գտնվի:

-Ի՞նչ կմաղթեք և խորհուրդ կտաք ապագա սերնդին:

-Ապագա սերնդին կմաղթեմ, որպեսզի կարողանան զանազանել ճիշտը՝ սխալից, գեղեցիկը՝ տգեղից :

 

Հարցազրույցը  վարեցին Մկրտիչ Ստեփանյանը,Անուշ Մանուկյանը:

 

Հայրենիքը սկսվում է հենց քո տնից

Հեղինե Հովհաննիսյան

Մեր հյուրն է ազատամարտիկ  Հեղինե  Հովհաննիսյանը: 65 -ամյա ազատամարտիկ Ջեմմային  Փ.Վեդիում  բոլորն են ճանաչում, միշտ զինվորական համազգեստով է միշտ բարի, հաղթական, մարդասեր: Նա հայրենիքի անցած  հաղթական ճանապարհի  մարմնացումն է, հերոսական  ոգու կրողը: Դեռ պատմությունից սկսած հայ կինը, հայ մայրը (սկսած Սոսե մայրիկից) հայրենիքի օրհասական պահին՝ զենք է վերցրել  ու կռվել: Ահա մի այդպիսի հերոս կին էլ ապրում է մեր գյուղում, մեր կողքին :

-Պատմեք մի փոքր Ձեր մասին:

-Ծնվել եմ Փ. Վեդի գյուղում 1947թ. մարտի 10-ին: Ավարտել եմ  գյուղի միջն.դպրոցը, ամուսնացել եմ, երեխաներ ունեմ: Աշխատել եմ գյուղի Մշակույթի տանը, դրանից հետո Երևանում «Էլեկտրոապարատներում», հետո Նաիրի գիտաարտադրական միավորումում: Արցախյան շարժումը սկսվելուն պես, առաջին օրերից մասնակից եմ եղել ազգային ազատագրական պայքարին:

-Ո՞րքան ժամանակ եք գտնվել պատերազմական գործողությունների թեժ գծում:

1988թ.-ից շարժման մեջ եմ եղել: 90-ից  Հայաստանի սահմանների պաշտպանությանն եմ մասնակցել, հետո Երասխավանի պաշտպանության մարտերին,1992-ից՝ Արցախի: 1992 թ-ից մինչև 2003թ-ը եղել եմ ծառայության մեջ: 2003թ.սեպտեմբերին նոր զորացրվել եմ: 11 տարի կռվել և պաշտպանել եմ հայրենիքս: Կյանքիս լավագույն տարիները նվիրել եմ հայրենի սահմանների պաշտպանությանն ու Արցախի ազատագրման գործին: Սկզբնական շրջանում կռվել եմ «Արծիվ 5», հետո «Արծիվ 30», ավելի ուշ մահապարտների ջոկատները միավորվեցին և ընդհանուր հրամանատար նշանակվեց Մանվել Գրիգորյանը: Ծառայել եմ 54122 զորամասում, հետո տեղափոխվեցի  Արցախի զինված ուժեր, ստացել եմ կապիտանի կոչում: Պարգևատրվել եմ  Արցախի հանրապետության 4 կառավարական պարգևներով՝ «Մարտական ծառայություն», «Արիություն», «Մայրություն և երախտագիտություն», «Արցախի քաջորդիների 92-94 թ.պատերազմի մասնակիցների»: 1992թ.հունվարի 28-ին ստեղծվեց ՀՀ զինված ուժերի առաջին զորամիավորումը: 93թ.մարտի 26-ին կազմավորվեց առաջին մոտոհրաձգային գումարտակը, դա մեր գումարտակն էր: Գունդն առաջին մարտական մկրտությունը ստացել է 92թ.մայիսին և մենք սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ երդման արարողությունը կատարել ենք Արարատի մարզի սուրբ Նշան  եկեղեցում և որպես ավանդույթ, ամեն տարի, մայիսի 18-ին  գնում ենք այնտեղ, որպես երդման սուրբ վայր:

-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը;

-Այն աննկարագրելի մեծություն է: Հայրենիքը սկսվում է հենց քո տնից, հայրենիքը սուրբ է, մեր հացն է, մայրական գիրկը, մեր մանուկների օրօրոցը: Հայրական տան ծուխն է, մեր լեզուն է, նա է միացնում անցյալը, ներկան ու ապագան, մեռածն ու ապրողը, նա է հավերժացնում ազգը, շտեմարանում  ազգի հոգևոր ու մշակույթային գանձերը, այն մեր արյան մեջ է:

-Ի՞նչ կասեք այն մասին ,որ որոշ երիտասարդներ խուսափում են զինվորական ծառայությունից:

-Ես դա չեմ ընդունում, օրինակ ես արդեն 65 տարեկան եմ, բայց  էլի մի 30 տարի կծառայեի Ազգային բանակում և կհպարտանայի, որ զինվոր եմ, դա իսկապես պատիվ ու հպարտություն է:

-Դուք այժմ էլ միշտ զինվորական համազգեստով եք, ի՞նչով է պայմանավորված դա:

-Գիտեք ինչ, ոչ թե շատ եմ սիրում, այլ……….. երբ ես առաջին անգամ զինվորական համազգեստ հագա ու գնացի մարտական ճանապարհով՝ շատ դժվարություններ տեսա, կորցրեցի մարտական ընկերներ ու երդվեցի, որ զենքը վայր չեմ դնի մինչև չազատագրվի մեր երկրի  սահմանները, մեր պետության  անվտանգությունը երաշխավորվի: Մենք արյան գնով ազատագրեցինք մեր տարածքները, բայց  կրկնակի դժվար է պահպանել այն, օրինակ միայն երեխա ունենալը բավական չէ, պետք է հոգ տանես նրա մասին ՝պահես, մեծացնես, կրթես, դաստիարակես: Իսկ այդ պատասխանատու գործը մենք հանձնում ենք ձեզ՝ ապագայի կերտողներ :

-Ո՞րն է Ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:

-Ամենալավ օրերը ինձ համար եղել են այն օրերը, երբ հաղթանակներ ենք ունեցել: Սկսած Երասխավանից, երբ ադրբեջանցիներին դուրս շպրտեցինք մեր տարածքներից: 94թ-ին Արցախում թեժ մարտեր էին, հատկապես Մարտակերտի շրջանում, արյունահեղ կռիվներ էին, շատ զոհեր ունեցանք, բայց ազատագրեցինք Թալիշի բարձունքները, Մադաղիսը, Տոնաշենը և այլն:

-Որպես հերոս,պատերազմի մասնակից ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդ սերնդին:

-Նախ, որ երբեք պատերազմ չտեսնեք, լինեք հայրենասեր, բանիմաց, հիշեք Զորավար Անդրանիկի խոսքերը. «Ամեն գիշեր գլուխդ բարձին դնելուց առաջ մի պահ մտածիր հայրենիքիդ մասին»: Ես վստահ եմ յուրաքանչյուր հայ երեխա օրօրոցից, մայրական կաթի հետ է ստանում հայրենասիրությունը: ՈՒժն է ծնում իրավունք, ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը, ամեն ինչ…………..

Հարցազրույցը վարեցին «Սիս»ակումբի  լրագրողական խմբի սաները:

Ջեմմա

Ջեմմա

Ջեմմա

Ջեմմա

Արվեստագետները մի հարկի տակ

Արմինե և Հարութ

Արդեն 22 տարի է նույն հարկի տակ են ապրում Հարութ և Արմինե Առաքելյանները: ՈՒնեն շատ լավ ընտանիք, լի ջերմությամբ ու սիրով: ՈՒնեն 3 երեխա, ու թեպետև ինչպես բոլոր արվեստագետները, հեշտ չեն հաց վաստակում ՝ունենալով բազմաթիվ սոցիալական խնդիրներ ու հոգսեր, բայց  և այնպես իրենց բարի, մարդասեր, հյուրասեր մարդկային դեմքն ու տիպը չեն փոխել, իրենց արժեքն ու արժանիքը պահել վեհությամբ ու սրբությամբ: ՈՒստի լրագրողական խմբի սաներս  ուզում ենք ներկայացնել հարցազրույց այս  ընտանիքի հետ: Հարցերին պատասխանում է՝ Արմինե Սարգսյանը:

-Պատմեք մի փոքր Ձեր մասին։

-Արդեն  22  տարի է ապրում եմ  Փ.Վեդիում, ավելի ճիշտ 22 ու էլի մի քանի ամիս, իսկ մինչ այդ …. Մինչ այդ ծնվել եմ Արտաշատ քաղաքում: Ծնողներս նույնպես ծնվել են Արտաշատում, պապերս էլ, պապերիս պապերն էլ, ինքս էլ ինձ նման բնիկ արտաշատցու չեմ ճանաչում: Սովորել եմ Արտաշատի թիվ 3 դպրոցում, հետո ավարտել  Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, հիմա տնային տնտեսուհի եմ:

-Ի՞նչ է Ձեզ համար նկարչությունը։

-Ասեմ ինչ է նկարչությունը ինձ համար հիմա, որովհետև, երբ 16 տարեկան էի այն բոլորովին ուրիշ բան էր ինձ համար: Հիմա նկարչությունը ինձ համար ամենից առաջ ճաշակ է: Ճաշակ ասածը միայն հագնվելուն չէ, որ վերաբերվում է: Եթե իսկապես ճաշակ ունես, ուրեմն ճաշակ ունես ամեն ինչի մեջ: Դու լսում ես ճաշակով երաժշտություն, նայում ես ճաշակով ֆիլմեր, կարդում ես ճաշակով գրականություն: ԵՎ, ընդհանրապես, ճաշակը իմ կարծիքով պետք է ի ծնե ունենալ: Անգամ տաղանդը կարող է բացահայտվել շատ աշխատելու դեպքում: Իսկ ճաշակ կամ ունես, կամ չունես, ու ոչ մի գումար չի օգնի քեզ ավելի ճաշակով  դառնալու (քիչ թե շատ տանելի՝գուցե):

-Ի՞նչ է կյանքը արվեստագետի աչքերով:

-Արվեստագետի աչքերը երբեմն խանգարում են, երբ քո տեղում չես:Շատ բան ես տեսնում, շատ բան հասկանում (գուցե այնքան,որքան պետք էլ չէ), ու դրանից ամենից առաջ քեզ համար է դժվար դառնում:

-Նույն հարկի տակ ի՞նչպես են միմյանց հասկանում արվեստագետ ամուսինները:

-Հիանալի: Չեմ կարող ասել, թե բոլոր արվեստագետների ընտանիքներում այդպես է, բայց երբ գնահատում են միմյանց թե որպես արվեստագետ, թե որպես մարդ, ուրեմն, անպայման կհասկանան միմյանց: Մենք լրացնում ենք միմյանց: Նա հիանալի ձեռք ունի իսկ ես կարող եմ տեսնել այն, ինչ ինքը չի նկատել: Նա միշտ ընդունում է իմ դիտողությունները, իսկ ես բարձր եմ գնահատում իրեն ու իր արվեստը:

-Ի՞նչպես եք ծանոթացել միմյանց հետ:

-Մենք համակուրսեցիներ ենք եղել, իսկ հետաքրքիրը սկսվեց հենց առաջին վայրկյանից; Երբ ես ՝8-րդ դասարանը նոր ավարտած մի աղջնակ սարսափեցի, երբ առաջին անգամ սեպտեմբերի 1-ին Հարութը մտավ մեր կուրս: Նա զինվորական ծառայությունից նոր էր վերադարձել  ու երկար, հաստ ու մեծ  բեղեր ուներ: Ես վախեցա ու մտածեցի՝ այդ «ձյաձյան» էլ է մեզ հետ սովորելու:

-Լի՞նում են պահեր,երբ հիասթափվում եք:

-Լինում են ու շատ, իսկ հեշտ է հաղթահարել, երբ ամեն ինչին նայում ես մի քիչ հումորով: Ընդհանրապես մարդու մեջ շատ եմ գնահատում հումորի զգացումը: Իսկ, երբ դա էլ չի օգնում, ուղղակի մտածում եմ, որ միևնույն է ամեն մարդ ինչ անում է, ամենից առաջ անում է ինքն իրեն, թե լավ և թե վատ: Եվ ուրիշի վատ արարքների համար ես չէ, որ պիտի պատասխան տամ, ինչքան էլ որ հետևանքների կրողը լինեմ: Ամենամեծ ու ամենաթանկ բանը՝ խաղաղությունն է, սկսած երկրի խաղաղությունից վերջացրած հոգու, մտքի, սրտի խաղաղությամբ: Եվ եթե քո մեջ ունես այդ խաղաղությունը, ուրեմն հիասթափությունները սարսափելի չեն: Եվ  հետո, ես ով եմ որ մարդուց ավելին պահանջեմ: Միևնույն է նա տալիս է այնքան, որքան կարող է և իմ պահանջելուց չի փոխվի նրա ունեցածի չափը: ՈՒղղակի պետք է ապրել այնպես, ինչպես մեզ Աստված է պատգամել՝ այն ամենը ինչ կուզենք, որ մեզ համար անեն, ինքներս անենք ուրիշների համար: Առավել ճշմարիտ խոսքեր ոչ մի տեղ չեմ լսել ու կարդացել :

-Կատարյալ մարդու Ձեր կերպարը:

-Կատարյալ մարդու կերպար չունեմ, կատարյալ միայն Աստված է: Պարզապես ունեմ ինձ շատ սիրելի մարդիկ: Սիրում եմ Վան Գոգին, Նարեկացի, անսահման սիրում եմ Մարկես, Կաֆկա, Կոբո Աբե, Ցվետաևա․․․ անվերջ կարող եմ լսել Շոպեն: Իսկ ամենասիրելի մարդը, որին սիրել եմ բոլոր տարիքներում՝ Լեոնիդ Ենգիբարյանն է: Մի ժամանակ ինքս էլ փորձում էի թարգմանել նրա հիանալի արձակ բանաստեղծությունները: Իմիջիայլոց թարգմանելն ավելի դժվար է, քան գրելը:

-Իսկ ի՞նչ ոճով եք ստեղծագործում:

-Ճիշտն ասած հիմա չեմ ստեղծագործում: Իմ ստեղծագործությունները հիմա իմ երեխաներն են, որոնց ես նվիրում եմ իմ ամբոջ ժամանակը: Իսկ ընդհանրապես շատ եմ սիրում նկարել նատյուրմորտներ, երբեմն շատ եմ կարոտում ներկերի հոտը:

-Ի՞նչ նախասիրությունններ ունեք բացի նկարչությունից:

-Սիրում եմ ծաղիկներ աճեցնել, հատկապես կակտուսներ: Իսկ ամենից շատ սիրում եմ հեռուստատեսային այն հաղորդումները, որոնք պատմում են ճանաչված մարդկանց կյանքի ու ստեղծագործությունների մասին:

-Ժառանգել են արդյո՞ք Ձեր երեխաները հոր և մոր շնորհքը:

-Նրանց երեքի մեջ էլ անպայման ինչ որ բան կա, բայց թե ես թե ամուսինս չենք ուզում, որ նրանք շարունակեն մեր ճանապարհը: Արվեստը, մասնավորապես, նկարչությունը անմնացորդ նվիրում է պահանջում, եթե ուզում ես կայանալ որպես արվեստագետ: Սակայն այնքան, որքան պետք է գեղեցիկը տգեղից տարբերելու (ամեն ինչի մեջ), կարծում եմ այդքանը նրանց մեջ արդեն դրված կա:

-Ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդ սերնդին:

-Մեր այսօրվա երիտասարդ սերունդը, որ շատ լավն է ու հետաքրքիր, կմաղթեմ, որ լրիվ ու մինչև վերջ օգտագործեն իրենց հնարավորությունները, ժամանակը, ազատությունը: Երեխաներին մաղթում եմ ամենից առաջ աշխատասիրություն ու էլի աշխատասիրություն: Որովհետև առանց աշխատասիրության ամենափայլուն ընդունակություններն  անգամ ժամանակի ընդացքում կարող են խամրել: Թող որ, նրանցից յուրաքանչյուրը գտնի իր իսկսկան տեղը:

Հարցազրույցը վարեց  լրագրողական խմբի սան `Աստղիկ Առաքելյանը 14տ.